Պարը սիրում են և' մեծերը, և' փոքրերը, այն մի կախարդական աշխարհ է, ուր մարդու հոգին և մարմինը միաձույլ ճախրանք են դառնում ապրած ժամանակի մեջ: Ճախրանք, որին թևեր են տալիս պարարվեստի այն նվիրյալ պարուսույց-մանկավարժները, ովքեր տարիների քրտնաջան աշխատանքով, ամենօրյա պարի դասերով երեխաներին դարձնում են խրոխտ պարողներ և նրբագեղ պարուհիներ, իրենց ինքնամոռաց աշխատանքի շնորհիվ ազգային պարերը պահպանում, ցուցադրում և փոխանցում են սերնդից սերունդ:
Այսպիսի նվիրյալներից է պարարվեստում մեծ փորձ կուտակած և իր բեմադրական և մանկավարժական գործունեության մեջ վաղուց ի վեր մեծ հեղինակություն վայելող պարուսույց-մանկավարժ, մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր
Ղուկաս Ղուկասյանը, որն 1995թ-ին ստեղծեց նախ
«Զարթոնք» պարախումբը, ապա նաև հիմնադրեց պարարվեստի ուսուցման կենտրոն՝ 4-18 տարեկան երեխաների և պատանիների համար: Այս տարիներին Ղուկաս Ղուկասյանի կողքին էին մանկավարժ-պարուսույցներ
Գագիկ Մկրտչյանը և Ղուկաս Ղուկասյանի լավագույն սան
Մամիկոն Միքայելյանը:
Այժմ կենտրոնում ուսանում են շուրջ 270 աշակերտ:
1995թ-ից Հայաստանի ազգային պարարվեստի միության ստեղծվելուն պես
«Զարթոնք» պարախումբը անդամագրվել է միությանը:
Ղուկաս Ղուկասյանն իր նվիրվածությամբ եղավ այն առաջիններից, որ հավատարիմ մնալով միության գաղափարներին, այսօր էլ իր պարախմբով շարունակում է ակտիվորեն մասնակցել միության կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին, Պետական-Կառավարական մի շարք հանդիսությունների:
Հայաստանի պարարվեստի միության աջակցությամբ խումբը բազմիցս մեկնել է արտերկիր` մասնակցելու կարևորագույն միջազգային փառատոնների` ներկայացնելով հայկական մշակույթը, պարարվեստը:
Կենտրոն ընդունվում են 4 տարեկանից: 4-8 տարեկան երեխաներն ընդգրկվում են ուսուցողական խմբերում:
Կենտրոնում գործում են 6 ուսուցողական խմբեր, որտեղից ընտրություն է կատարվում և լավագույն կատարողներն ընդգրկվում են նախ
«Զարթոնք»-ի փոխարինող կազմում, որտեղից լավագույն պարողներն ընդունվում են
«Զարթոնք» պարային համույթ:
Պատանեկան անսամբլին հրաժեշտ տալով՝ սաներից շատերն այսօր սովորում են Մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի պարային բաժնում, իրենց արժանի տեղն են գտել հանրապետության պետական անսամբլներում.
«Բարեկամություն»,
«Պարի պետական»,
«Երգի-պարի»,
«Բերդ» և այլն:
«Զարթոնք» անսամբլն իր պարացանկում ընդգրկում է ոչ միայն հայկական-ժողովրդական և ազգագրական, այլ նաև աշխարհի տարբեր ժողովուրդների պարեր, որոնք պարբերաբար ներկայացվում են զանազան ելույթների ժամանակ և համերգային ծրագրերում:
«Զարթոնք» անսամբլը արդեն հանրապետությունում ճանաչված պարային կոլեկտիվնրից է, մասնակցում է Պարարվեստի միության կազմակերպած բոլոր միջոցառումներին,
«Զարթոնք»-ին ելույթներ են վստահվում կառավարական հանդիսություններում: Հարուստ ծրագրերով անսամբլը շատ է շրջագայել արտասահմանում և հայկական պարը ներկայացրել աշխարհի տարբեր բեմերում: