«Զարթոնք» պարային անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ղուկաս Հովհաննեսի Ղուկասյանը ծնվել է 1953թ-ին մանկավարժի ընտանիքում:
1964-ին ընդունվել է Երևանի երաժշտական գիշերօթիկ դպրոցը և միաժամանակ հաճախել Ղ. Ղուկասյանի անվան պիոներ-պալատի ՍՍՀՄ ժող. պարերի խումբ, որի ղեկավարն էր ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող Հովսեփ Շամամյանը: 1969թվականին ավարտել է երաժշտական դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական-մանկավարժական ուսումնարանը:

1970թվականին Ղուկաս Ղուկասյանը հանդես է գալիս Երկաթուղայինների մշակույթի պալատի պարախմբում, որի գեղարվեստական Ղեկավարն էր ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Վարդգես Ռաշիդյանը:

Բնատուր մանկավարժական ձիրքի և աշխատասիրության շնորհիվ երիտասարդ Ղուկասը 1973թվականին դառնում է իր ուսուցչի՝ Հովսեփ Շամամյանի օգնականը, «Բարեկամություն» պարախմբի պարուսույցը: Սկսելով իր գործունեությունը որպես պարուսույց-մանկավարժ, շուտով նա իր վարպետությունն է հանդես բերում նաև որպես պար բեմադրող:
1979թվականին աշխատանքը շարունակելով «Բարեկամություն» անսամբլում՝ ստանձնում է պարուսույց-բեմադրիչի պաշտոնը:

1995թվական  
Պարարվեստում մեծ փորձ կուտակած և հեղինակություն վայելող պարուսույց-մանկավարժը 1995թ-ին որոշեց ունենալ իր պարարվեստի կենտրոնը, որն անվանեց ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՝ «Զարթոնք»: Կենտրոնի լավագույն կատարող սաներից ստեղծվեց «Զարթոնք» անսամբլը: Կենտրոնում սովորում են 4-18 տարեկան երեխաներ և պատանիներ:
Այժմ կենտրոնում ուսանում են շուրջ 260 աշակերտ:

Փորձերի ժամանակ
Ինչ-որ առիթով սիրված պարուսույցն իր անցած ուղին այսպես է ներկայացրել է. «Որոշել էի երաժիշտ դառնալ, բայց 10 տարեկանում հանդիպեցի անվանի պարուսույց-մանկավարժ Հովսեփ Շամամյանին, այդ հանդիպումն էլ բախտորոշ եղավ իմ ողջ կյանքի համար: Ու չնայած երաժշտական կրթությունը լրիվ ստացա, մանկավարժական ուսումնարան ավարտեցի, բայց պարն ինձ համար եղավ կյանքի սերն ու ապրելու կերպը: «Բարեկամություն» անսամբլում պարելու տարիներին Շամամյանը գնահատեց պարային իմ ցայտուն ունակությունները, կազմակերպչական ընդունակությունները և 1971թվականին ինձ վերցրեց «Բարեկամություն» պարախումբ, որպես իր օգնական:
1972թվականից աշխատեցի որպես պարուսույց, սկսեցի պարեր բեմադրել, որոնք ավելացան «Բարեկամություն» անսամբլի համերգային ծրագրերում: Այդ ժամանակ 20 տարեկան էի: Յուրաքանչյուր արվեստագետ ձգտում է ինքնուրույն ստեղծագործել: Ես բացառություն չէի. պրոֆեսիոնալիզմը կար, փորձը ավելի քան բավարար էր, մանկավարժությունը, պարելուն հավասար, իմ կյանքից անբաժան է եղել միշտ: Այնպես որ 22 տարի հետո, 1995թվականին հնարավոր եղավ ստեղծել «Զարթոնք» մանկապատանեկան անսամբլը: Ինչ որ առումով դա ինձ համար անձնական զարթոնքի նման մի բան էր...»:
Պարուսույց-մանկավարժը մասնագիտություն չէ, այլ կոչում, որովհետև բնածին ընդունակության ու տաղանդի շնորհիվ է միայն հնարավոր ամեն մի երեխայի մեջ ծնված պարելու ցանկությունը հատիկ-հատիկ կառուցելով դարձնել արվեստ:
Բազմաթիվ սերունդների է ուսուցանել Ընկեր Ղուկասը, որոնցից շատերն այսօր հանրապետության ճանաչված անսամբլների պարողներ և պարուհիներ են:
Սա է լինելու հայ պարարվեստը պահպանող և մեր պարերը սերունդներին անաղարտ փոխանցող իսկական պարուսույց-արվեստագետի հպարտորեն ապրելու իրավունքը, որն իրավամբ վաստակել է «Զարթոնք» պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ղուկաս Ղուկասյանը:
Ղուկաս Ղուկասյանը մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր է:
2012թ ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40ամյակների առթիվ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

ՂՈՒԿԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ՝ ՏԱՐԵԹՎԵՐՈՎ.

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐ» ՆԱԽԱԳԻԾ.
2009թվականին «Շանթ» հեռուստաընկերությունում առաջին անգամ կազմակերպվեց «Ժողովրդական պարեր» նախագիծը, լավագույն պարուսույցների մասնակցությամբ: Նախագծի գեղարվեստական ղեկավարն էր Հայաստանի Ազգային Պարարվեստի Միության նախագահ Կարեն Գևորգյանը: Հայաստանի լավագույն պարուսույց-բեմադրիչների ներկայացրած զույգերի թվում «Ժողովրդական պարեր 1» նախագծի առաջին կարգի մրցանակի արժանացավ և հաղթող ճանաչվեց Ղուկաս Ղուկասյանի ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՎ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ զույգը.

   
    Սարգիս Գրիգորյանը և Սեդա Խաչատուրյանը
սիրված պարուսույցի հետ
  Հաղթանակի բերկրանքը...


ԿԱՐԾԻՔՆԵՐ ՂՈՒԿԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղուկասին ճանաչում եմ փոքր տարիքից: Նրա աշխատասիրությունը կարող է իսկական օրինակ լինել շատ պարուսույցների համար: Մեր համատեղ աշխատանքի արդյունքում չի եղել մի դեպք, որ ես կասկածեի նրա կարողությունների վրա: «Բարեկամություն» պարխմբում կատարած նրա աշխատանքը շատ կարևոր է եղել: Շատ պարերի բեմադրություններ զարդարել են պարախմբին, որն էլ ցույց է տվել, թե իր աշխատանքում որքան հետևողական ու սրտացավ է Ղուկաս Ղուկասյան պարուսույցը: Իմ սաների մեջ նա միշտ առանձնացել է իր անմիջականությամբ և ըմբռնողականությամբ: Նրա երաժշտական ընդունակությաունները ինձ շատ են օգնել պարերի բեմադրության գործում: Ես ուրախ եմ նրա համար, որ Ղուկաս Ղուկասյանը այսօր ճանաչված պարուսույց է, սիրված ղեկավար, որի սաները հայ պարարվեստի իսկական շարունակողներ կդառնան:

ՀՈՎՍԵՓ ՇԱՄԱՄՅԱՆ
«Բարեկամություն» պարի համույթի գեղ. ղեկավար,
ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Նա շնորհալի պարող էր, երբ հանդես էր գալիս իմ ղեկավարած պարախմբում: Հետագայում նա դարձավ մենապարող և ցույց տվեց կատարողական մեծ շնորհք:
Այսօր նա շնորհալի պարուսույց է, ճանաչված մանկավարժ, որի մոտ հայուրավոր երեխաներ պար են սովորում: Ղուկասը աշխատասեր, ազնիվ պարուսույց է, որից իր սաները շատ բան կարող են սովորել՝ իսկական պարողներ դառնալու համար:
ՎԱՐԴԳԵՍ ՌԱՇԻԴՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ

 
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղուկասի մասին կարելի է միայան լավն ասել: Այն մեծ աշխատասիրությունը, որ նա հանդես է բերում փոքրիկ պարողների նկատմամբ, արժանի է բարձր խոսքերի և գնահատության: Նրա նման պարուսույցներով է ապրում հայ պարարվեստը և փոխանցվում սերունդներին:
ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ
ՀՀ ժողովրդական դերասան,
«Մ. Խորենացու» շքանշանակիր, բալետմայստեր
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գերագույն հաճույքով դիտեցի Ղուկաս Ղուկասյանի «Զարթոնք» պարախմբի ելույթը և իմ ջերմ խոսքն եմ հղում նրան՝ իր աշխատասիրության և մանկասիրության համար: Ցանկանում եմ նրան պարարվեստի լայն ու կանաչ ճանապարհ և միշտ անբաժան իր սիրելի երեխաներից:
ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Բարեկամություն» պարային անսամբլի
գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր
արտիստ, բալետմայստեր

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ճանաչել եմ Ղուկաս Ղուկասյանին որպես պարող, դիտել եմ նրա պարերը և հիացել նրա կատարողական վարպետությամբ: Տեսնելով նրա ղեկավարած «Զարթոնք» պարի համույթի ելույթները, համոզվեցի, որ Ղուկասը շնորհալի մանկավարժ է: Երբ պարողը դառնում է պարուսույց, պիտի սիրի երեխաներին, լինի մանկավարժ: Այսօր «Զարթոնք» պարային համույթի ելույթը վկայում են, որ Ղուկաս Ղուկասյանը սիրում է պարուսույցի աշխատանքը, սիրում է իր սաներին, իսկ սաներն էլ սովորում են նրանցից պարել գեղեցիկ ու ճիշտ: Նվիրումով աշխատանքը միշտ էլ արդյունք է բերում: Այդ արդյունքին հասել է Ղուկաս Ղուկասյանը իր տաղանդի շնորհիվ:
ԲՈՐԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող,
«Բերդ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հովսեփ Շամանյանը շատ աշակերտներ է ունեցել, բայց Ղուկաս Ղուկասյանը, իմ կարծիքով, նրա գործի իսկական շարունակողն է: Միշտ պարարվեստի կրակով լի, անհանգիստ, պրպտող հոգի ունի Ղուկասը: Երբ դիտեցի «Զարթոնք» պարի համույթի ելույթը, զգացի նրա մանկավարժական մեծ ուժը, որով ներարկված էին իր սաները, կարծես բեմը շիկացել էր մանկական սրտերի կրակից: Այդ ամենը ազնիվ պարուսույցի ջանասեր, քրտնաջան աշխատանքի արգասիքն է:
Ովքեր իրենց առաջին քայլերը սկսեն Ղուկաս Ղուկասյան-պարուսույցի մոտ, վստհ եմ, որ ապագա ունեն:
ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
«Կանազ-Արաբկիր» պարի համույթի գեղ. ղեկավար


 
© 2011 ‹‹ԶԱՐԹՈՆՔ›› պարային համույթ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության