Պարերի մասին խոսելիս չի կարելի չնշել նաև հայկական տարազների առանձնահատկությունների մասին, որոնք ոչ միայն իրարից շատ տարբեր են, այլև բնորոշում են այն տարածաշրջանը, գավառը, նահանգը որը ներկայացվում է:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա
Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:
Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝
Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով:
Հայկական պարերի տարատեսակները
Հայկական պարի հիմքը զիստային (զսպանակավոր) շարժումներն են: Սակայն նույնիսկ դրանում խիստ տարբերություն կա թե մեկ պարային քայլի ընթացքում քանի զսպանակ է արվում, ըստ որում այդ զսպանակներն էլ կարելի է անել խորը կամ շատ մեղմ:
Հայկական պարերը կարելի է բաժանել ըստ մի քանի բաղկացուցիչների: Նախ և առաջ իր կատարման բնույթով պարերը կարելի է բաժանել 3 մեծ խմբերի.
1. պարերգեր, որոնք զուգորդվում են երգերով,
2. որոնք ազգային երաժշտական գործիքներով են նվագակցվում,
3. նախորդ երկուսի համադրումով:
Կարելի է տարանջատել նաև շարժումների ձևերով.
1. կենցաղային,
2. աշխատանքային,
3. արտահայտչական,
4. նմանակող,
5. նկարագրող,
6. սիմվոլիկ,
7. պայմանական:
Կոլեկտիվ և խմբակային պարերը տարբերվում են իրարից նաև ձեռքերը բռնելու ձևերով.
1. ճկույտներով,
2. ափերով,
3. խաչված ափերով,
4. ուսերով,
5. գոտկատեղից:
Իսկ ամենակարևոր տարանջատումը պարերի բովանդակությունն է, որոնց մեծ մասը հնում ունեցել է բանավոր տեքստային զուգադրում և իրենց բովանդակությամբ բաժանվել է հետևյալ խմբերի.
1. առասպելական,
2. էպիկական,
3. լիրիկական,
4. պաշտամունքային,
5. ճանապարհի (փեսայի տնից պարելով գնացել են քավորի տուն, հետո հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն),
6. լարախաղացների,
7. ծիսական,
8. աշխարհիկ,
9. աշխատանքային,
10. ռազմական,
11. որսորդական,
12. մանկական,
13. սգո պարեր:
Պարերը տարբերվում են նաև իրենց տարածքային պատկանելությամբ, քանի որ բնակլիմայական պայմանները իրենց անջնջելի հետքն են թողել պարերի վրա:
Հայկական պարարվեստն ունի պահպանված այնպիսի նմուշներ, որոնք արժանիորեն կարող են համալրել համաշխարհային պարային գանձարանը:
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Հայաստանն ունի հազարամյակներով զարգացած և զարգացող կատարողական արվեստներ: Դրանք են երաժշտությունը, պարն ու թատրոնը: Հնագույն ժամանակներում այդ երեքն էլ եղել են ծիսական ընդհանուր համալիրների բաղադրամասեր: Սկսած առաջին քաղաքներից և հատկապես զարգացած հեթանոսության շրջանից, դրանք բաժանվել են իրարից և զարգացել որպես առանձին արվեստներ: Ժողովրդական արվեստում երեք կատարողական արվեստները շարունակել են գոյատևել իրենց նախնական, սինկրետիկ միասնության մեջ:
Միջնադարյան հեղինակների հիշատակությունները վկայում են, որ գոյություն են ունեցել թափառական և կայուն տեղական խմբեր, որոնց անդամները երգում, պարում, նվագում էին տարբեր գործիքներ և միաժամանակ թատերական փոքրիկ ներկայացումներ բեմադրում: Գործիքային երաժշտության զարգացմանը զուգընթաց գործիքի ձայնով նվագակցվող պարը առանձնացավ պարերգից և այդ ձևով պահպանվեց ժողովրդական մշակույթի մեջ: